ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Լոռու մարզի Սպիտակ քաղաքում շնամարտ կազմակերպելու դեպքով բերման ենթարկված 3 անձինք ձերբակալվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«2026 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ֆիզիկական ներգործության, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հոդվածներով: 3 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք` մարտի 5-ին համացանցում աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Մի խումբ տղամարդիկ կանանց սպառնում են, հրում, որպեսզի նրանք չմիջամտեն։ Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք է, և խոստանում են դիմել ոստիկանություն։ Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ է բերման ենթարկվել։