ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը հակասահմանադրական է և ոչ լեգիտիմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես գնահատեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը ՔՊ–ի համաժողովում ներկայացված ծրագիրը։
«Այդ ծրագիրը հակասահմանադրական ծրագիր է հենց միայն այն պատճառով, որ անտեսելով եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը, դրանում վեհափառի փոփոխության հարցն է առաջ մղվում»,– նկատում է Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա այն ծրագրում միայն մեկ անգամ է հիշատակվում` 97-րդ կետում, որտեղ խոսվում է ԼՂ–ից տեղահանված 10 000 ընտանիքների բնակապահովման մասին։
ՔՊ–ի 2026թ–ի նախընտրական ծրագիրը 2021թ–ի հետ համեմատելով` Սուրենյանցը նկատում է, որ նոր ծրագրում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի թեզերը. առաջիկա 5 տարիների համար ՔՊ–ն պարտավորություն է ստանձնում չշարունակել Ղարաբաղյան շարժումը, և դա այն դեպքում, երբ 2021-ին իշխանությունը կարողացան պահպանել նաև Արցախի հարցը շահարկելու հաշվին։
«Մի քաղաքական ուժ, որն իր քաղաքականությամբ նպատակային ձևով կործանել է Արցախը և փակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, չէր էլ կարող այլ բան գրել։ Հազիվ թե ակնկալեինք, որ ՔՊ–ն ամրագրելու կամ բարձրացնելու է սեփական պատասխանատվության խնդիրը Արցախի հարցում»,– նշում է Սուրենյանցը։
Համաժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը խաղաղության է հասել «դժոխքի միջով անցնելով»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանինը` Հայաստանը։
Սուրենյանցն ընդգծում է, որ խաղաղության ու պատերազմի կեղծ երկընտրանքը քաղաքական օրակարգ բերելով` իշխանությունը փորձում է ասոցացվել խաղաղության հետ, իսկ ընդդիմադիրներին ներկայացնել իբրև պատերազմի ուժեր` այդ կերպ շահելով հանրային վստահությունը։
«Սա շատ խոցելի թեզ է, որովհետև, ըստ էության, հաստատված խաղաղություն չունենք, և այդ իմաստով Փաշինյանն առնվազն ինքն իրեն հակասում է` հաստատված խաղաղության մասին խոսելով ու հետո այդ նույն խաղաղության գոյությունը կամ չգոյությունը առաջիկա ընտրություններով պայմանավորելով»,– ասում է նա։
Ներքին անվտանգության համատեքստում ՔՊ–ի ծրագրում շեշտը դրվում է հիմնականում Սահմանադրության փոփոխության վրա, մինչդեռ, քաղաքական վերլուծաբանի համոզմամբ, Սահմանադրությունը դրա հետ որևէ կապ չունի։ Ներքին անվտանգության գլխավոր սպառնալիքը, նրա կարծիքով, հասարակության մեջ բաժանարար գծեր դնելն է։
«Իսկ դա հենց այս իշխանությունն է արել։ Բոլոր հնարավոր բաժանարար գծերն առաջացել են այս իշխանության ժամանակ՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ, եկեղեցու պաշտպաններ և հակառակորդներ, արցախցիներ-հայաստանցիներ։ Ավելին ասեմ. հասարակության նման բևեռացման պայմաններում նոր Սահմանադրություն չի էլ կարող ընդունվել, որովհետև Սահմանադրությունը հասարակական համաձայնության արգասիք պիտի լինի, և ոչ թե Սահմանադրությունը պիտի ընդունենք, որ ներքին կայունություն ապահովենք»,– նկատում է Սուրենյանցը։
Հայաստան–սփյուռք հարաբերությունների վերաֆորմատավորման թեզը ևս վերլուծաբանը անիրական է համարում` շեշտելով, որ գործող իշխանության թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հիմքում վետոն է պատմական հիշողության վրա և սեփական անցյալի ուրացումը։ Իսկ դրա շուրջ աշխարհասփյուռ հայության կոնսոլիդացիան ուղղակի չի կարող տեղի ունենալ։
Նախընտրական ծրագրի համաձայն` ՌԴ–ի հետ ՔՊ–ն նախատեսում է «փոխշահավետ և կառուցողական» հարաբերություններ` զուգահեռ շարունակելով ԵՄ–ին անդամակցության այդ գործընթացը։ Ծրագրի այս թեզը Սուրենյանցը «դատարկ արձանագրում» է համարում` հիշեցնելով, որ Փաշինյանի մոսկովյան վերջին այցի ընթացքում ռուսական կողմից հստակ արձանագրվեց, որ Հայաստանը սպառել է մանևրելու այդ հնարավորությունը և հասել է անշրջելիության կետին։
Քաղաքական վերլուծաբանի բնորոշմամբ` ՀՀ վարչապետի այցը ցույց տվեց, որ Հայաստանի նկատմամբ վստահության ճգնաժամ կա։ Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս գործընկեր երկրների հետ հարաբերություններում։ Պատճառը դարձյալ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, որը, մեր զրուցակցի խոսքով, միտված է եղել ոչ թե նոր դաշնակիցներ ձեռք բերելուն, այլ հակառակը` եղած դաշնակիցներին կորցնելուն։ Արդյունքում մեր երկիրն այսօր կանխատեսելի գործընկեր չի ընկալվում։
«Իմիտացիայի մակարդակով բազմավեկտորության տպավորություն է ստեղծվում։ Բայց սա միայն իմիտացիա է, որովհետև Հայաստանը քաոտիկ, անկանոն ակտիվություն է դրսևորում բոլոր ազիմուտներում`առանց ստրատեգիական օրակարգ ունենալու»,– արձանագրում է քաղաքական վերլուծաբանը։
Հիշեցնենք` ապրիլի 4–ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մարզահամերգային համալիրում անցկացրեց իր 8-րդ արտահերթ համաժողովը, որում Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու։ Համաժողովում ընդունվեց նաև ՔՊ–ի նախընտրական ծրագիրը, որի գաղափարախոսական հենքը, ըստ փաստաթղթի հեղինակների, իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։