ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը։
«Գիտեք, որ Հայաստանը, կարծես թե նույնիսկ չի էլ աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այս առումով դժվար իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Շատ դժվար իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ և նրբանկատ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում», – ասել է Բելառուսի առաջնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։