ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետի սպանությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։
«Սպանություններն ու հանցագործությունները չեն կարող սասանել անձնուրացության իդեալները (Իրանի զինված ուժերում՝ խմբ.)»,-ասված է Խադեմիի մահվան կապակցությամբ Խամենեիի ուղերձում։
Նա նաև ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության ղեկավարի սպանությունը կապել է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք պարտություններ են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և ձախողվել են իրենց չարամիտ ծրագրերում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: