Հարվածներ Թեհրանին, Հայֆային ու ԱՄՆ-ի բազային. ինչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում

Գլխավոր հարցը մնում է Հորմուզի նեղուցը, որի լուծումից է կախված տարածաշրջանի անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ մեր ընտրանիում։
Ինչպես գրում են իրանական ԶԼՄ-ները, այս գիշեր հարված է հասցվել Թեհրանում բնակելի տան ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում ՝ 6 երեխա: Հարձակման ժամանակ պայթյուն է որոտացել նաև «Մեհրաբադ» օդանավակայանի շրջանում։
Հրթիռների և անօդաչուների հարվածների է ենթարկվել Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը:
«Լոգիստիկ կենտրոն Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքով և մի քանի հրթիռով, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել», - նշել է աղբյուրը։
Իսրայելի պաշտպանության բանակը(ՑԱԽԱԼ) հայտարարել է Թեհրանի տարածքում թիրախների վրա հարձակումների նոր շարքի ավարտի մասին: Բացի այդ, նշվում է, որ իսրայելական բանակը հետ է մղել գիշերվա ընթացքում Իրանի երրորդ հրթիռային հարձակումը, Թել Ավիվի շրջանում կրկին օդային տագնապ է եղել, պայթյուններ են հնչել: Օդային տագնապ է ազդարարվել երկրի կենտրոնական մասի տասնյակ քաղաքներում։
Կիրակի օրը Հայֆայի հրթիռակոծության հետևանքով ինը մարդ է տուժել:
Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանի միջնորդները քննարկում են 45 օրով հնարավոր հրադադարի պայմանները՝ որպես հակամարտության կարգավորման երկաստիճան ծրագրի առաջին փուլ: Ըստ Axios-ի՝ հրադադարի առաջին փուլում տեղի կունենան վերջնական խաղաղության պայմանների քննարկումներ: Ընդ որում, հրադադարի ռեժիմը հետագայում կարող է երկարաձգվել, եթե կողմերին բանակցությունների համար ավելի շատ ժամանակ պահանջվի: Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: