ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը նշել է իր 103-ամյակը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրան շնորհավորել են պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակի աշխատակիցները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վարոս Հմայակի Ավետիսյանը մասնակցել է Կովկասի և Ստալինգրադի համար մղվող մարտերին։ Բելառուսական 3-րդ ռազմաճակատի հրետանային ստորաբաժանումների կազմում ազատագրել Վիլնյուսը, Մինսկը, Քյոնիգսբերգը, ինչպես նաև Վարշավան, որտեղ դիմավորեց ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը։
Մարտում ցուցաբերած քաջության և արիության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։
Ավետիսյանի պատմությունը
1941 թվականի հունիսին Ավետիսյանը 18 տարեկան էր։ Իմանալով, որ պատերազմ է սկսվել, նա կամավոր զինկոմիսարիատ է ներկայացել։ Նույն տարվա օգոստոսին նրան ուղարկել են Թբիլիսիի մոտ գտնվող Ավչալա գյուղի հավաքակայան, որտեղից էլ՝ Թբիլիսիի հրետանային ռազմական ուսումնարան։ Այնտեղ նա սպայի կոչում է ստացել։ Կուրսանտները արագացված եռամյա ուսումնական ծրագիրն ավարտել են ընդամենը վեց ամսում, և արդեն 1942 թվականին Ավետիսյանին ուղարկել են Հյուսիսկովկասյան ճակատ։ Նա մասնակցել է Կովկասի և Ստալինգրադի ճակատամարտերին, որտեղ խորհրդային զորքը կարողացավ կանգնեցնել թշնամու առաջխաղացումը և հակագրոհ իրականացնել։
«Հարավից հյուսիս էինք շարժվում, մինչդեռ մեր մյուս ստորաբաժանումները հյուսիսից` հարավ։ Այդպես մենք գերմանացիներին շրջապատեցինք Ստալինգրադի մոտ։ Փառք Աստծո, գործողությունը հաջողությամբ ավարտվեց», – պատմել է նա «Մեծ հաղթանակի կենդանի պատմությունը» նախագծի շրջանակում։
Բելառուսի 3-րդ ռազմաճակատի հրետանային ստորաբաժանումների կազմում Ավետիսյանը մասնակցել է Մինսկի, Վիլնյուսի, Վարշավայի և Քյոնիգսբերգի ազատագրմանը։
Հաղթանակի մասին իմացել է Լեհաստանում գտնվելու ժամանակ։ Միևնույն ժամանակ Վարոս Հմայակի Ավետիսյանը հպարտությամբ է խոսում Բեռլինի վրա հարձակմանը հայկական զորքերի ստորաբաժանումների մասնակցության մասին։
«Հայկական դիվիզիան մտավ Բեռլին և հայերեն գրություն թողեց Ռեյխսթագի պատին», – ընդգծել է նա։
Պատերազմից հետո նա դեռ մեկ տարի ծառայել է Մերձբալթյան երկրերում, իսկ 1946 թվականին վերադարձավ հայրենիք։ Ավարտեց Երևանի մանկավարժական ինստիտուտը և աշխատեց որպես պատմության և զինվորական նախնական պատրաստականության ուսուցիչ գյուղական դպրոցում։ Վետերանը 6 երեխա և ավելի քան 40 թոռ ու ծոռ ունի։ Հայրենի գյուղում հուշարձան է կանգնեցրել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին` հավերժացնելով զոհված համագյուղացիների անունները։