Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ՌԴ-ին հղումներ չլինեն. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից, Ռուսաստանն այստեղ բացարձակապես կապ չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղում չլինի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը և Ռուսաստանը՝ այն է, որ քննարկելով այդ հարցը, ավելորդ անգամ հղումներ չլինեն մեզ», – ասել է Պեսկովը «Վեստի» հաղարդաշարի լրագրող Պավել Զարուբինին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից:
«Ռուսաստանն այստեղ բացարձակապես կապ չունի», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ՀԱՊԿ-ի միջամտությունն այդ գործընթացին կոռեկտ չէր լինի, քանի որ խնդիրը մտել էր ներադրբեջանական հարթություն։ Պուտինը նաև հստակեցրել է, որ գնահատական չի տալիս՝ Ղարաբաղի վերամիավորման հարցին, եթե այն Ադրբեջանի մաս համարենք` լավ է, թե վատ: Սակայն նա կարծում է, որ խաղաղ կյանքը կազմակերպելու տեսանկյունից դա երևի իմաստ ուներ։ Միևնույն ժամանակ Փաշինյանը պատասխանել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»: