ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik.Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով մի շարք երկրների կողմից գործադրվող ջանքերը հաջող կլինեն, ինչը Միացյալ Նահանգներին կստիպի հրաժարվել վերջնագրերի լեզվից և իրավիճակը բանակցային հուն վերադարձնել։
Նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և դիվանագիտական ջանքերը։
Նրանք ընդգծել են քաղաքացիական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտպանության տակ գտնվող Բուշերի ատոմակայանի վրա անխոհեմ և անօրինական հարձակումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է անձնակազմի կյանքին և առողջությանը սպառնալիքներ ստեղծելու և ամբողջ տարածաշրջանի համար ռադիոակտիվ աղետի ռիսկի անընդունելիությունը։
Լավրովը ցավակցություն է հայտնել կայանի աշխատակիցներից մեկի՝ Իրանի քաղաքացու մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:
Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: