ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանից պահանջել է ապաշրջափակել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով հակառակ դեպքում «դժոխքի վերածել նրանց կյանքը»:
«Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկանե՛ր, թե չէ՝ ձեզ համար դժոխք կսարքենք», - գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Հորմուզի նեղուցը շրջափակած պահելու դեպքում ապրիլի 7-ին կհարվածի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, այնպես, ինչպես «դեռևս չի եղել»:
Ավելի վաղ «The New York Times» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են նեղուցի ապաշրջափակման համար ուժի կիրառումը թույլ տվող բանաձևի նախագիծը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: