ՀՀԿ–ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ. Սարգսյան

Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը չպետք է լինի ո՛չ հաճախորդ պետություն, ո՛չ մակաբույծ պետություն, ո՛չ էթնոգրաֆիկ թանգարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ նենգորեն մեզ մոլորեցնեն, թե դա միջանցք չէ ու չի ենթադրում ՀՀ ապաշրջափակու։ Այսօր ՀՀԿ 18–րդ համագումարից ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամ հարևանների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում»,–ասաց Սարգսյանը։
Ինչ բերաբերում է բուն TRIPP-ի նախագծին, Սարգսյանը նշեց, թե արդեն իսկ իրենց մտահոգությունը հայտնել են, բայց վերջնական եզրահանգման կգան դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո։
«Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ ազգային միասնության ներուժի դիրքերից։ Պետք է վերականգնվի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ոչ թե այլոց բավարարելու, այլ հայ ժողովրդի շահերը սպասարկելու նպատակադրումով։ Հայաստանը չպետք է լինի ո՛չ հաճախորդ պետություն, ո՛չ մակաբույծ պետություն, ո՛չ էթնոգրաֆիկ թանգարան»,- ընդգծեց Հայաստանի 3-րդ նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։