ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը չի փոխվի։
Նշենք, որ ապրիլի 1–ին Մոսկվայում կայացել է Փաշինյան–Պուտին հանդիպումը` ընդլայնված և նեղ կազմերով։ Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների տարբեր շերտեր` ռազմականից մինչև տնտեսական։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում։
«Վստահ եմ, որ մեր գործընկերներին անհրաժեշտ է, որ Հայաստանը մնա և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ՀԱՊԿ-ում։ Եթե Հայաստանը չպետք է ունենա այդ օգուտները, ապա ինչո՞ւ պետք է մենք մնանք այդ միության մեջ․ կսկսվի այլ միության մեջ ընդգրկվելու գործընթաց՝ ավելի արագացված կերպով։ Իսկ ի՞նչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ, ոչ մի բան․ այնպես չէ, որ ԵԱՏՄ մտնելով՝ ՀՀ տնտեսության մեջ աստղաբաշխական աճեր են արձանագրվել»,- հայտարարեց նախարարը։
Նա կոչ արեց, որ մենք մեր կարևորությունը չթերագնահատենք։
«Հայաստանը ԵԱՏՄ–ին շատ պետք է, և այդ կարևորությունը հաստատ գազի գնից ավելի կարևոր ու թանկ արժե։ Ընդհանրապես, այս կյանքում որևէ բան անվճար չէ, հատկապես գազի գինը, և եթե ՀՀ–ի համար գազի գինը 115 դոլար է, դա մեր գեղեցիկ աչքերի համար չէ»,- համոզված է Պապոյանը։
Հավելենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ եթե ՌԴ–ն գազի գնի բարձացման որոշում կայացնի, ՀՀ–ն կլքի և՛ ՀԱՊԿ–ը և՛ ԵԱՏՄ–ն։