ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական բիզնեսն առարկայական հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանից ալյումինե փայլաթիթեղի գնումների նկատմամբ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ նախկինում հետաքրքրությունը ընդհանուր բնույթ էր կրում, սակայն այժմ ադրբեջանական կողմը կոնկրետ հարցում է ուղարկել՝ հաստության, որակի, ինչպես նաև մատակարարումների ծավալների և ժամկետների հստակեցմամբ:
«Մեր արտադրողը նշել է ծավալը, գինը և ժամկետները, պատասխան դեռ չենք ստացել», - նշեց Պապոյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան պարբերաբար ապրանքներ են գալիս Ռուսաստանից: Մասնավորապես, սուպերմարկետների ցանցերից մեկը՝ «Նոր Զովքը», դիմել է, որ Ադրբեջանի տարածքով բերի սպիտակաձավար, մեկ ուրիշ կազմակերպություն դիմել է, որ բերի ռուսական քարածուխ, այն մյուսը բերում է հացահատիկ, այն մյուսը արդեն բերում է պարարտանյութ։ Սա արդեն շատ սովորական երևույթ է դարձել։
Հիշեցնենք, որ «Ռուսալ Արմենալ» գործարանը մտնում է Rusal հոլդինգի՝ Չինաստանի սահմաններից դուրս ալյումինի խոշորագույն արտադրողի կառուցվածքի մեջ։ Ընկերության հիմնական բաժնետերերն են En+ –ը (56,9%, որից 44,95%-ը պատկանում է Օլեգ Դերիպասկային) և ՍՈւԱԼԸ (25,6%), որը կապված է Վիկտոր Վեկսելբերգի հետ։ Բաժնետոմսերի մնացած 17,5%-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ։