ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել Պարսից ծոցի գոտում ռազմաքաղաքական առճակատման սրման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են Կրեմլից։
Առաջնորդները նշել են, որ Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մասշտաբով։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել կրակի շուտափույթ դադարեցման և փոխզիջումային պայմանավորվածությունների մշակման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։
Թեմաների թվում եղել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինը երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամության համար։
Ընդգծվել է քայլերի համակարգման կարևորությունը՝ հաշվի առնելով Սև ծովում գազատարներին և առևտրային նավերին հարվածներ հասցնելու Կիևի փորձերը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: