ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը F-35 կործանիչ են խոցել երկրի կենտրոնական մասում։
«Ամերիկյան արտադրության F-35 ժամանակակից կործանիչը ոչնչացվել է Իրանի կետրոնական օդային տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՀՕՊ համակարգով», – ասվում է հայտարարության մեջ։
Հնարավոր է` կործանիչը երեկ է խոցվել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: