Արթիկի ծննդատանը նորածին է մահացել

Ծնողները դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, այսօր մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի եղել։
«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգ Կարինե Չոփիկյանը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։
Հոր խոսքով՝ իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նրանք դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ Պնդում են, որ իրենց երեխայի մահը հնարավոր էր կանխել, և մեղադրում են բժշկին անփութության մեջ։