Վիրավորվել է Խամենեիի խորհրդականը, նա ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ

ԶԼՄ-ների տվյալներով՝ Քամալ Խարազին լուրջ վնասվածք է ստացել Թեհրանի ռմբակոծության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին ծանր վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Al Hadath»-ը:
Նշվում է, որ Խարազին վիրավորվել է Թեհրանի ռմբակոծություններից մեկի ժամանակ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կինը մահացել է։
Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը:
Արտասահմանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ վիրավորվել է նաև Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, և նա ծանր վիճակում է։ Սակայն Իրանի իշխանությունները հերքել են այդ լուրը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: