ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողուհի Մերի Վարդանյանի ֆիլմը հաղթող է ճանաչվել «Անհայտ Ռուսաստան» III միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում` «էթնոմշակույթ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
Վարդանյանի խոսքով՝ «Կյանքը շարունակվում է» կինոնկարը բացահայտում է կյանքի և մահվան փոխկապակցվածության պարադոքսը՝ հաստատելով կյանքի հաղթանակը, քանի որ այն միշտ շարունակվում է։
«Իմ կուրսային աշխատանքը ինձ տարավ պրոֆեսիոնալ կինոյի աշխարհ, և նման մակարդակում այս մրցանակը ստանալը մեծ պատիվ է»,– ընդգծել է նա։
Նշենք, որ «Անհայտ Ռուսաստան» միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնը համարվում է Ռուսաստանում այս ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը։ Այն հարթակ է նոր պատմությունների և անունների բացահայտման համար՝ համադրելով դասական կինոյի ավանդույթները նորարարական ձևաչափերի հետ և նպաստելով վավերագրական ժանրի զարգացմանն ու հասանելիության բարձրացմանը։