Նիկոլ Փաշինյանը հաջողված է համարում Մոսկվա կատարած այցը

Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները Երևանի համար կարևոր նշանակություն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցը հաջողված է գնահատում։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Գնահատում եմ հաջող։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտած»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր նրան։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը նշել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև հաստատվել է խաղաղություն։ Նա ընդգծել էր, որ Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները շարունակում են կարևոր մնալ Երևանի համար։