Նախիջևանին հասցված հարվածներն ազդել են փոխադրումների և Մեղրիում ներդրումների վրա. Օվերչուկ

Հարավային Կովկասի տարածաշրջանում արտաքին խաղացողների հայտնվելը կարող է խախտել անվտանգության առկա հավասարակշռությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Նախիջևանի տարածքին դրոնների հարվածներն արդեն ազդել են «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների վրա և իջեցրել Մեղրու հատվածի զարգացման համար ներդրումների հնարավորությունը դիտարկող ներդրողների վստահությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ներկա միջազգային գործընթացները ցույց են տալիս, թե տարածաշրջանային երկրները որքան արագ կարող են ներքաշվել հակամարտությունների մեջ` նույնիսկ եթե ի սկզբանե անմիջական կապ չեն ունեցել դրանց հետ: Որպես օրինակ ՌԴ փոխվարչապետը նշել է ԱՄՆ-ի և Իրանի միջև սրացումը։
«Իրականում մեր երկրի (Ռուսաստանի) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշման պատճառով Հայաստանը նոր՝ շատ լուրջ սպառնալիքներ է ստացել, որոնք նախկինում չկային»,-ասել է Օվերչուկը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում արտաքին խաղացողների հայտնվելը կարող է խախտել անվտանգության գործող հավասարակշռությունը։
Այսպես, Մեղրիով անցնող ճանապարհի շուրջ շատ շահեր են կապված, ավելին՝ այդ ճանապարհը տարբեր կերպ է անվանվում։ Բաքվի տեսանկյունից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու հատվածների կապը վերականգնելու, Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցություն բացելու և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային-լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար:
Այս իշխանությունը կա՛մ խաբում էր, կա՛մ չի կարողանում կանխատեսել. Քոչարյանը` TRIPP–ի մասին
Վաշինգտոնի համար «Թրամփի ուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է Կենտրոնական Ասիայից կարևորագույն օգտակար հանածոների արտահանումը ԱՄՆ, ինչպես նաև վերահսկում է Իրանի հյուսիսային սահմանը:
«Ռուսաստանի համար Մեղրիով ճանապարհը ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետության՝ Հայաստանի հետ տրանսպորտային կապի, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի շուկաների հասանելիության բարելավման հնարավորություն է։ Թեհրանի համար դա մրցակցող ճանապարհ է և ԱՄՆ կողմից սպառնալիք։ Անկարայի համար այն ամենահարմար ելքն է դեպի Ադրբեջան և միջինասիական պետություններ», - պարզաբանել է Օվերչուկը։
Նա նշել է, որ Երևանի համար Մեղրիի հատվածը երկիրն ապաշրջափակելու, իր աշխարհագրական դիրքի առավելություններն իրացնելու և սեփական տնտեսության զարգացմանը լրացուցիչ խթան հաղորդելու հնարավորություն է:
Օվերչուկը պարզաբանել է, որ այդ հարցով Երևանի և Մոսկվայի շահերը համընկնում են։
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ապաշրջափակման գործընթացին և փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում հանդես է եկել որպես ակտիվ միջնորդ: 2023 թվականի ամռանը Ադրբեջանի հետ համաձայնեցվեց ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության մասին սկզբունքային ձևակերպումը, որը պնդում էր Հայաստանի ղեկավարությունը։
«Դրանից հետո հայերն ապաշրջափակման հարցով մեզ հետ շփումները կրճատեցին։ Այնուհետև մենք նմանատիպ ձևակերպումներ կարդացինք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում։ Իսկ դա ինչի՞ հանգեցրեց»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։