Մոսկվայում` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի շենքի ճակատային հատվածում, ականավոր դիվանագետ, «Նովոստի» լրատվական գործակալության (այժմ՝ ՌԻԱ Նովոստի) ղեկավար Վալենտին Ֆալինին նվիրված հուշատախտակ է տեղադրվել։
Այսօր կայացել է հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նվիրվել է Վ.Մ. Ֆալինի (03.04.1926 – 22.02.2018) ծննդյան 100-ամյակին։
«Քաղաքական տաղանդներից ամենահազվագյուտը ճշմարտության աչքերին նայելու ունակությունն է. սա է Վալենտին Միխայլովիչ Ֆալինի պատգամը լրագրողներին, քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին», – հուշատախտակի բացման արարողության ժամանակ ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Կիսելյովի խոսքով` Ֆալինը լրագրողի ստեղծագործական աշխատանքը՝ խոսքի և մտքի հետ աշխատելը, համարում էր կյանքի ամենակարևոր առաքելությունը, և նրա ոգին պահպանվում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալությունում, որի անձնակազմը կշարունակի կատարել իր աշխատանքը՝ հասկանալով, թե ով է կանգնած եղել իրենց հետևում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Ֆալինը պատկանում էր ինչպես դիվանագիտությանը, այնպես էլ լրագրությանը։ Նա հիմք է դրել լայնածավալ տեղեկատվական աշխատանքի, որն այսօր իրականացվում է բազմաթիվ ուղղություններով։ Ըստ էության, նա առաջիններից մեկն էր, ով համակարգային հիմքի վրա դրեց այս ամենը ԱԳՆ–ում դեռ 1950-ականների սկզբին։
«Նրա ներդրումը ոչ միայն լուսաբանման, ոչ միայն հրապարակախոսական ձևավորման մեջ էր, այլև դիվանագիտության և լրագրության տեղեկատվական ներուժի համադրության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտությունը փոխանցելու համատեքստում։ Շատ կարևոր է, որ մեր ընդհանուր ականավոր գործչին նվիրված հուշատախտակ է բացվում հենց Մոսկվայի կենտրոնում», – ընդգծել է Զախարովան։
Վալենտին Ֆալինը նշանակալի ներդրում է ունեցել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի զարգացման, ինչպես նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։