Իրանը քարե դար վերադարձնելու ԱՄՆ փորձերը հոլիվուդյան ոճի պատրանքներ են. ԻՀՊԿ հրամանատար

Իրանի ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի՝ Իրանը քարի դար վերադարձնելու սպառնալիքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանը քարե դար վերադարձնելու պլանների մասին ԱՄՆ–ի հայտարարություններն ամերիկյան ղեկավարության հոլիվուդյան պատրանքներն են: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները հզոր հարվածներ կհասցնեն Իրանին՝ այն վերադարձնելով քարե դար: Բացի այդ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրապարակել էր «Վերադարձ դեպի քարե դար» գրառումը՝ նկատի ունենալով Իրանը:
«Հենց դուք եք ձեր զինվորականներին գերեզման տանում, ոչ թե Իրանը, որին ցանկանում եք գցել քարե դար։ Ձեր հոլիվուդյան պատրանքներն այնքան են տպավորվել ձեր մտածողության մեջ, որ դուք, ունենալով չնչին 250-ամյա պատմություն, սպառնում եք քաղաքակրթությանը, որն ավելի քան վեց հազար տարեկան է», – գրել է Մուսավին «X» սոցցանցում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: