ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել իր տնտեսական հարաբերությունները ՀՀ–ի հետ։։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում ՀՀ–ԵՄ հարաբերություններին։ Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդը բացահայտ ասել էր, որ Երևանի անդամակցությունը միաժամանակ և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ–ին անհնար է։ Փաշինյանն իր հերթին նշել էր` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, սակայն այդ գործընթացները դեռ այն կետին չեն հասել, երբ պետք է ընտրություն կատարել։
Օվերչուկը խոստովանել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում հայաստանյան ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և վստահեցնում ԵԱՏՄ-ին իրենց հավատարմության մասին։
«Մեր կողմից քննարկումները անկեղծ են և միշտ հարգալից։ Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, հանգում ես այն եզրակացության, որ մեր գործընկերները շատ են մոտեցել այն կետին, որից հետո մենք ստիպված կլինենք այլ կերպ կառուցել մեր տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ»,– նշել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագայի հեռանկարներով։
«Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և Հայաստանի ղեկավարության` ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը` լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ», – ասել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։