ԱՄՆ–ն կարող է ՀՀ–ում էներգաբլոկների կառուցում առաջարկել 12 տարի անց. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետը նշել է` արդար ընտրության դեպքում Հայաստանի համար Ռուսաստանի ատոմային էներգետիկները մրցակիցներ չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն կկարողանա Հայաստանում ատոմակայանների համար էներգաբլոկների կառուցում լրջորեն առաջարկել միայն 12-15 տարի անց։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ինչպես նշել է Օվերչուկը, ամերիկացիները խոսում են փոքր հզորության մոդուլային էներգաբլոկների կառուցման մասին, թեև նրանք, ինչպես եվրոպացիները, դեռ որևէ տեղ ոչ մի հատ չեն կառուցել։
«Բայց չէ՞ որ ատոմակայանները կառուցվում են ռեֆերենտության սկզբունքով։ Պարզ ասած՝ դու իրավունք չունես ուրիշներին առաջարկել այն, ինչ չունես։ Այսինքն՝ նախ դու պետք է նմանատիպ էներգաբլոկ կառուցես քեզ մոտ, որոշակի տարիներ շահագործես այն, համոզվես դրա ապահով լինելու մեջ և միայն հետո այդ տեխնոլոգիան առաջարկես ուրիշներին։ Մասնագետների գնահատմամբ` նման նախագծեր նրանք կկարողանան արտահանման առաջարկել միայն 12-15 տարի հետո։ Ե՛վ հայերը, և՛ նրանց հարևանները մտածելու բան ունեն հնարավոր երկարաժամկետ հետևանքների տեսանկյունից», – բացատրել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկն ընդգծել է` Ռուսաստանը հավասարը չունի ատոմային օբյեկտների կառուցման գործում, և արդար ընտրության դեպքում Հայաստանի համար ռուսաստանյան ատոմային մասնագետները մրցակիցներ չունեն։
«Այժմ խոսվում է գործող ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման և ապագայում նոր էներգաբլոկների կառուցման մասին։ Մենք վստահ ենք, որ եթե ընտրությունն արդար լինի, ռուսաստանցի ատոմային էներգետիկները մրցակիցներ չեն ունենա։ Ռուսաստանն այսօր 9 երկրում կառուցում է 26 մեծ հզորության և 2 փոքր հզորության էներգաբլոկներ, որոնց պատվերների ընդհանուր արժեքը կազմում է 127 մլրդ դոլար։ Բացի այդ, ևս 14 էներգաբլոկ Ռուսաստանում է կառուցվում։ Սա շատ մեծ միջազգային բիզնես է, որտեղ մեր երկիրը հավասարը չունի», – ասել է նա։
Ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետը, Հայաստանը հետաքրքրություն է հայտնել փոքր հզորության մոդուլային էներգաբլոկների նկատմամբ, բայց «Ռոսատոմից» բացի, աշխարհում ոչ ոք դեռ չունի դրանց կառուցման և շահագործման գործող տեխնոլոգիաները։
«Հայաստանի ատոմային ոլորտում լուրջ մասնագետներ են աշխատում, և նրանք լավ գիտեն այդ մասին», – ընդգծել է Օվերչուկը։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։
Փաշինյանը մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների թեման քննարկել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի հետ