ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։
«Ես Հայաստանում արդեն հրապարակավ հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը բավականին ամուր հիմք է խաղաղության հետագա ամրապնդման համար։
ՀՀ վարչապետը Պուտինին շնորհակալություն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»։
Փաշինյանը Ղարաբաղի վերաբերյալ խոսել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն հարց։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։