ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ակտիվիստները հայտարարում են Արմավիրի մարզում ճնշումների մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանը:
Նրա խոսքով՝ Արմավիր քաղաքում կամավորականների հետ հանդիպումից հետո անհայտ անձինք մասնակիցների լուսանկարները տարածել են նրանց ուսուցիչների և ծնողների շրջանում: Մի շարք դեպքերում, ինչպես պնդում են, նախազգուշացումներ են եղել։ Մասնավորապես, անչափահասներից մեկը հայտնել է, որ մանկավարժից ստացել է մասնակցությունից հրաժարվելու հանձնարարություն, իսկ մեկ այլ դեռահասի՝ պետական համակարգում աշխատող ծնողի նկատմամբ նմանատիպ սպառնալիքներ հնչել են աշխատանքի վայրում: Բացի այդ, առանձին մասնակիցների հետ զրուցել է դպրոցի տնօրենը՝ նրանց և նրանց ընտանիքների մասին տեղեկություններ ճշտելով:
Նախաձեռնության ներկայացուցիչ Ստյոպա Ասրյանն իր հերթին ընդգծեց, որ կամավորականների, այդ թվում՝ անչափահասների մասնակցությունը բացառապես կամավոր է՝ առանց կազմակերպիչների կողմից որևէ պարտադրանքի։
Ակտիվիստների պնդմամբ՝ նմանատիպ դրվագներ են եղել նաև Մեծամոր քաղաքում: Այնտեղ գրասենյակի համար տարածքի վարձակալության մասին նախնական պայմանավորվածությունից հետո դրա սեփականատերը հաջորդ օրը հրաժարվել է գործարքից, պատճառ բերելով տարբեր հանգամանքներ։
Լևոն Չուկակլյանը նշեց, որ արձանագրված բոլոր դեպքերը նախատեսվում է ամփոփել առանձին հաշվետվությամբ և ուղարկել միջազգային կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» նախաձեռնությունը գլխավորում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Շարժումը մտադիր է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հայաքվե» նախաձեռնության հետ համատեղ: