ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ղրիմում կործանված Ան-26 ինքնաթիռի զոհերի թվում են նաև Հյուսիսային նավատորմի ծովայիններ: Այս մասին հայտնել է Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսը։
«Մուրմանսկի մարզի բնակչության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ղրիմում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս ողբերգությունը մեզ առանձնահատուկ ցավ պատճառեց։ Զոհվածների թվում են մեր հյուսիսծովայինները՝ պատվի, պարտքի և քաջության մարդիկ», - գրել է Չիբիսը «Мах» հարթակի իր ալիքում։
Մարզպետը խոստացել է, որ զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն:
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ մարտի 31-ին թռիչք կատարելիս Ան-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղրիմի Կույբիշևո գյուղի շրջանում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 7 անդամ և 23 ուղևոր, որոնք բոլորը զոհվել են: Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։