ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրվել Արզնու տոհմային թռչնաֆաբրիկայում։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ–ն։
«Համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել ինչպես ձու արտադրող խոշոր ընկերություններում, այնպես էլ վաճառքի խոշոր կետերում՝ իրականացնելով նմուշառում և հսկիչ գնումներ։
«Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)»,– նշել է կառույցը։
ՍԱՏՄ հայտնել է, որ «Արաքս», «Արզնի», «Գնթունիք» ,«ԵԹՖ» ,«Էլիտ» , «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Շիրակ») և «ՈԹՖ» ապրանքնիշերի ձվի կարգերը չեն համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։
Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:
Կառույցից նշել է, որ վերահսկողության այս փուլի նպատակը տոնական շրջանում ռիսկերը նվազեցնելն է։ Վերահսկողությունը շարունակվելու է։