ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։
Ըստ պարբերականի տվյալների՝ վերջին օրերին ամերիկյան վարչակազմը եկել է այն եզրակացության, որ նեղուցի լիակատար ապաշրջափակման փորձը կարող է զգալիորեն երկարաձգել հակամարտությունը՝ դուրս գալով ի սկզբանե նախատեսված 4–6 շաբաթվա սահմաններից։
Ուստի Վաշինգտոնը մտադիր է կենտրոնանալ գործողության հիմնական խնդիրների վրա՝ Իրանի ռազմածովային պոտենցիալի թուլացում, Իրանի հրթիռային հնարավորությունների կրճատում և մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտ՝ հետագայում նավագնացության ազատությունը վերականգնելու համար դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու պայմանով։
Եթե դրան հասնել չհաջողվի, ԱՄՆ-ն ակնկալում է, որ նավերի անցումն ապահովելու նախաձեռնությունն իրենց վրա կվերցնեն Եվրոպայի և Պարսից ծոցի երկրների դաշնակիցները։ Ընդ որում, ռազմական սցենարների հնարավորությունը չի բացառվում, սակայն այս փուլում որպես առաջնահերթություն չի դիտարկվում։
Ինչպես նշում է WSJ-ն, հակամարտության ավարտը առանց նեղուցի բացման կարող է հանգեցնել այս ռազմավարական երթուղու նկատմամբ Իրանի վերահսկողության ուժեղացմանը, իսկ այն ապաշրջափակելու բարդ գործողությունը կհետաձգվի։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողության ժամկետները մնում են անփոփոխ և համապատասխանում են նախապես հայտարարված գրաֆիկին։
Նշենք, որ նավագնացության նոր ռեժիմի համաձայն` Իրանն ապահովելու է անվտանգությունը և տուրք է գանձելու նավերի անցման համար։ Այս պահին միայն բարեկամ երկրների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի նավթակիր լցանավերն ու բեռնատար նավերն են, որ չեն վճարում 2 միլիոն դոլարի չափով տուրքը։
Ավելի վաղ AFP գործակալությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ծրագրում են գլխավորել շուրջ 30 երկրների մասնակցությամբ կոալիցիա ստեղծելու մասին բանակցությունները՝ նեղուցում նավագնացության ազատությունն ապահովելու համար։
G7 երկրների արտաքին գործերի նախարարներն իրենց հերթին պայմանավորվել են ապահովել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ավարտից հետո։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: