Մայր աթոռին «պատժելու» համար երեխանե՞րն են տուժում․ «Թումոյի» թնջուկի հետքերով

Մայր աթոռում լիահույս են՝ իրավիճակը կփոխվի, որոշումներ կայացնողներն ավելի հեռատես կլինեն՝ հիմքում դնելով երեխաների շահն ու ապագան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մայր աթոռին պատկանող տարածքում՝ Էօրնեկեան հանրակրթական դպրոցի և Հայորդաց տան հարևանությամբ, հիմա պետք է իր դռները բացեր մանկապատանեկան ժամանակակից կրթական կենտրոնը, կամ էլ առնվազն շինարարական ակտիվ աշխատանքներ պետք է ընթանային, եթե չլինեին բյուրոկրատական անհասկանալի քաշքշուկներն ու արհեստական խոչընդոտները։
Օրեր առաջ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ ստեղծվել է մի նախագիծ, ըստ որի` 4 500 քմ տարածքի վրա պետք է «Թումո» կենտրոն կառուցվի։ Դեռ 2022-ին Մայր աթոռը բախվել է մի խնդրի՝ պարզելով, որ 736 քմ տարածքը համընկել է համայնքին պատկանող, փաստացի չօգտագործվող տարածքի հետ։

«Երբ պարզեցինք, որ այդ փոքր տարածքը Մայր աթոռի սեփականությունը չէ, դիմեցինք հողհատկացման համար, քանի որ կենտրոնն իր տարածական ընկալմամբ, ճարտարապետական լուծումներով մտածվել ու մշակվել է և՛ տեղանքին ներդաշնակ լինելու, և՛ նման կենտրոններին ներկայացվող պահանջներին համապատասխան լինելու համար՝ դահլիճներ, սերտարաններ, ազատ տարածքներ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Նրա խոսքով՝ այս նոր տեխնոլոգիական, կրթական կենտրոնը Էօրնեկեան դպրոցի ու Հայորդաց տան հետ պետք է յուրօրինակի եռամիասնություն կազմեր՝ միավորելով կրթությունը, արվեստներն ու գիտությունը։
Վաղարշապատի ավագանին խնդրի լուծման համար այդ հողատարածքը 2025 թ. հոկտեմբերի որոշմամբ նվիրատվությամբ փոխանցել էր Մայր աթոռին, սակայն արդեն իսկ պետական գրանցման փուլում ՀՀ կադաստրի պետական կոմիտեն գործընթացը կասեցրել է Վաղարշապատի համայնքապետի դիմումի հիմա վրա։ Այս տարվա մարտի 25–ին Ազգային ժողովի ընդունած «Հողային օրենսգրքի» փոփոխությունները, որով եկեղեցուն այլևս սեփականության իրավունքով տարածք չի տրամադրվի, հավելյալ խնդիրներ են առաջացրել։ Ինչպես են դրանք լուծվելու, դեռ անհասկանալի է։
«Մինչև այս վերջին օրենքի ընդունումը, գործընթացը գնում էր, սպասում էինք պատասխանի, սակայն դրանից հետո մեզ համար տարակուսելի է, թե ինչպիսին պետք է լինի հետագա ընթացքը։ Այս կերպ ամբողջովին խաթարվում է կրթական այս կարևոր ծրագիրը, որը մեզ համար մտահոգիչ է, իսկ տարածաշրջանի երեխաների համար մեծ վնաս, որը կգար լրացնելու տեխնոլոգիական կրթական նման կենտրոն ունենալու բացը»,- նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Եսայի քահանա Արթենյան
Բախվելով խոչընդոտների և ձգձգումների՝ նոր չափագրումներ են արվել՝ փորձելով կառուցվող կենտրոնը տեղավորել Մայր աթոռին պատկանող հողատարածքում, սակայն հնարավոր չի եղել։ Մուշեղ սրբազանի խոսքով՝ նոր կառուցվող կենտրոնի և առկա շինությունների միջև չէին պահպանվում քաղաքաշինական, ճարտարապետական ներկայացվող պահանջներով անհրաժեշտ հեռավորությունները, ուստի այդ ճանապարհով գնալ չեն կարողացել։
Այն, որ կենտրոնը պահանջված է և հաջողելու էր, Մուշեղ սրբազանի խոսքով, ապացուցում են նաև Էռնեկյան դպրոցն ու Հայորդաց տունն իրենց հարյուրավոր սաներով, նրանց ձեռքբերումներով ու հաղթանակներով։
Մայր աթոռում տարակուսած են․ կայացված որոշումների հետևանքով տուժում են տարածաշրջանի այն պոտենցիալ 2000 երեխաներն ու պատանիները, որոնք պետք է ժամանակակից հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ունենային այս կենտրոնում։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաև «Թումո» կենտրոն։ Պաշտոնական պատասխանում նշված է՝ հաշվի առնելով Արմավիրի մարզի կարևորությունն ու բնակչության խտությունը՝ Հայաստանում ընդլայնման ծրագրով նախատեսվում է կենտրոններ բացել Էջմիածին և Արմավիր քաղաքներում, ինչպես նաև հինգ «Թումո» տուփ տեղադրել այդ երկու քաղաքների շրջակա հինգ բնակավայրերում։
«Մենք ներգրավված չենք եղել Մայր աթոռի տարածքում նախատեսվող «Թումո» կենտրոնի կառուցման կամ շինթույլտվությունների հետ կապված քննարկումներին, սակայն հույս ունենք, որ հնարավոր կլինի ապահովել Արմավիրի մարզի երիտասարդների մուտքը «Թումոյի» կրթական ծրագրերին ինչպես Էջմիածնում, այնպես էլ Արմավիր քաղաքում»,- հայտնել են կենտրոնից։
Միևնույն ժամանակ նշել են, որ Արմավիր քաղաքի «Թումո» կենտրոնն արդեն նախագծման փուլում է, և քաղաքի իշխանությունները հատկացրել են հողատարածք դրա իրականացման համար։ Շինարարությունն ակնկալվում է 2027 թվականի առաջին կեսին։
Ինչ վերաբերում է Էջմիածնի կենտրոնին, այստեղ ժամկետային նման հստակություններ չկան։
Նշենք, որ Վաղարշապատի համայնքապետարանն այսօր ծավալուն պատասխան հրապարակեց` մերժումը, ըստ էության, պատճառաբանելով նրանով, թե նախկինում Մայր աթոռին տարածքներ են հատկացվել, որոնք չեն բարեկարգվել, ուստի նման պայմաններում նոր, առավել լայնածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ քննարկվող նախաձեռնությունների իրագործման վերաբերյալ վստահության բավարար հիմքեր չկան, քանի դեռ չեն կատարվել արդեն իսկ ստանձնված պարտավորությունները։ Պնդում են նաև, թե համայնքի ղեկավարի կողմից որևէ միտումնավոր խոչընդոտում կամ սուբյեկտիվ մոտեցում չկա։
Մայր աթոռում, այնուամենայնիվ, լիահույս են՝ իրավիճակը կփոխվի, որոշումներ կայացնողներն ավելի հեռատես կլինեն՝ հիմքում դնելով երեխաների շահն ու ապագան։