ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանից Հայաստան ուղևորված կոնտեյները, որում մոտ 400 հազար դոլարի բեռ կա, Մերձավոր Արևելքի իրադրության սրման ֆոնին մնացել է Պակիստանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Նրա խոսքով՝ իրավիճակը բարդանում է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։
Նա հավելեց, որ փետրվարի 28-ից լոգիստիկ շղթաների աշխատանքն էապես դժվարացել է։ Ճգնաժամի պայմաններում բեռներն ավելի ու ավելի հաճախ են վերաուղղորդվում՝ շրջանցելով ավանդական երթուղիները և անցնելով Բարեհուսո հրվանդանով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: