Իրանի հարձակման հետևանքով Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է վնասվել

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:10-ին։ Նավը խարիսխ էր գցել Դուբայի նավահանգստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հում նավթով բեռնված քուվեյթյան լցանավը (Al-Salmi) Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ նավահանգստում ենթարկվել է Իրանի ուղղակի հարձակմանը, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասված է X սոցիալական ցանցում Քուվեյթի նավթային կորպորացիայի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպի պահին լցանավը լիովին բեռնված է եղել։ Հարձակման հետևանքով նավի տախտակամածում հրդեհ է բռնկվել։
ԱՄՆ–ն հակաբունկերային ռումբերով հարվածել է Սպահանին
Կազմակերպությունը հաստատել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում վնասի ճշգրիտ չափը գնահատելու ուղղությամբ։
«The Guardian»-ի տվյալներով՝ լցանավը բեռնված է եղել 2 միլիոն բարել հում նավթով։ Նավի վրա եղել է 24 մարդ, նրանք բոլորն անվտանգ վայրում են։
Նավի սեփականատերը՝ Քուվեյթի նավթային կորպորացիան, սկզբում զգուշացրել էր նավթի արտահոսքի վտանգի մասին։ Սակայն ավելի ուշ Դուբայի իշխանությունները հաստատել են, որ շրջակա ջրեր նավթի արտահոսքից հաջողվել է խուսափել։
«Փրկարարական խմբերը հաջողությամբ մեկուսացրել են քուվեյթյան նավթակիր լցանավի հետ կապված միջադեպը Դուբայի տարածքային ջրերում, նավթի արտահոսք չի եղել, տուժածներ չկան»,-հայտնում է Dubai Media Office-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: