Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի տեսակարար կշիռը 2025–ին շարունակել է նվազել

Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է, մինչդեռ եվրոն և մի քանի այլ արժույթներ ամրապնդվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Համաշխարհային արժութային պահուստների կառուցվածքում ԱՄՆ դոլարի տեսակարար կշիռը 2025 թվականին շարունակել է նվազել։ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տվյալներով՝ IV եռամսյակի արդյունքներով` դրա մասնաբաժինը նվազել է` հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի` ընդհանուր պահուստների 56.77%։
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի IV եռամսյակում ցուցանիշը կազմել էր 58.52%, մինչդեռ մի քանի տարի առաջ այն կայուն գերազանցել էր 60%-ը։
Միաժամանակ նկատվում է եվրոյի դիրքի ամրապնդում. այս արժույթի մասնաբաժինը տարվա ընթացքում 18.92%-ից աճել է մինչև 20.25%, մինչդեռ վերջին մի քանի տարիներին չէր հասնում 20%–ի։ Բրիտանական ֆունտ ստեռլինգով արտահայտված պահուստների մասնաբաժինը աննշան է նվազել (0.2%-ի սահմաններում), մինչդեռ ճապոնական իենը աճ է գրանցել։ Տարեվերջի դրությամբ դրանց տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 4.41% և 5.78%:
Ավստրալիական դոլարի (2.03%) և շվեյցարական ֆրանկի (0.19%) մասնաբաժինները գրեթե անփոփոխ են մնացել: Միևնույն ժամանակ մյուս արժույթների համախառն մասնաբաժինը 5.23%-ից աճել է մինչև 6.13%, ինչն արտացոլում է պահուստային ակտիվների աստիճանական դիվերսիֆիկացումը:
Հիշեցնենք` 2024 թվականին (2025 թվականի ամփոփ տվյալները դեռ հրապարակված չեն), կենտրոնական բանկերը շարունակել են ընդլայնել ներդրումները ոսկու մեջ` ամրապնդելով միջազգային պահուստների դիվերսիֆիկացման միտումը:
2026 թ. հունվար-փետրվարին ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում աճ է եղել. վիճակագրություն