ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հետազոտական արբանյակային կայանի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Ամերիկա-իսրայելական թշնամին հարձակվել է Սալմաս շրջանի հետազոտական արբանյակային կայանի վրա, որը արբանյակային տվյալները կառավարելու և ստանալու նպատակով վերջերս է հանձնվել շահագործման», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հայտնում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում գտնվող օբյեկտի հետ կապված շինությունների մի մասն ավերվել է, սակայն զոհերի մասին տվյալներ չի հաղորդում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: