ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Իրանի հակառակորդները խնդրում են, որ բանակցեն Հորմուզի նեղուցը բացելու շուրջ։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Իրանի կառավարության մամուլի ծառայությանը։
«Մեր զինուժը աշխարհի ամենահզորներից մեկն է։ Մենք կոտրեցինք ագրեսորներին, այժմ նրանք աղերսում են բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ։ Բայց դեռ պետք է տեսնել, թե որքանով են նրանք իսկապես պատրաստ զիջումների գնալ։ Նրանք պետք է արտաբերեն ոսկե արտահայտությունը. «Մենք այլևս չենք հարձակվի Իրանի վրա և կճանաչենք Իրանի բոլոր միջազգային իրավունքները»։ Տեսնենք` ինչ կլինի հետո», – ասել է Արեֆը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: