ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տարբեր երկրներից բեռնաշրջանառության աճ և հետաքրքրություն է տեսնում «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների նկատմամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։
«Բեռների ներհոսք կա։ Մենք տեսնում ենք բեռնաշրջանառության ավելացում։ «Հյուսիս–հարավը» միայն Իրանը չէ։ Դա նաև Թուրքմենստանն է, Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը և բազմաթիվ այլ երկրներ, որոնք մասնակցում են այս նախագծին։ Առհասարակ, այնտեղ բեռնաշրջանառությունն աճում է»,-ասել է գերատեսչության ղեկավարը։
Նիկիտինի խոսքով՝ «Հյուսիս–հարավ» միջանցքից բեռների վերաուղղորդում չի դիտարկվում։
«Ավելի շուտ հակառակն է։ Եթե հունվար-փետրվարին երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծավալը պահպանվում էր 2024-2025 թվականների մակարդակում, ապա մարտի առաջին կեսին (17 օրում) բեռնափոխադրումների հոսքն էականորեն աճել է։ Միաժամանակ, բեռնահոսքի ամենամեծ աճը նկատում ենք Կենտրոնական Ասիայի երկրների հետ արևելյան երթուղով՝ 16,5%-ով (կազմել է 4,3 միլիոն տոննա)»,–եզրափակել է տրանսպորտի նախարարը։
«Հյուսիս–հարավ» ՄՏՄ-ն մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան)՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ։ Միջազգային տրանսպորտային միջանցքի երեք երթուղի կա՝ անդրկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև արևմտյան և արևելյան (ցամաքային)։
Ռուսաստանն ու Իրանը 2023 թվականի մայիսին ստորագրել են միջանցքի արևմտյան երթուղու վերջին անհրաժեշտ հատվածի՝ Իրանում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,6 միլիարդ եվրո է, որից 1,3 միլիարդը ՌԴ վարկային միջոցներն են, իսկ մնացածը՝ իրանական կողմի միջոցները։