ՔՊ–ի «փրայմերիզը» ձևական էր և սպասարկում էր Փաշինյանի շահերը. քաղտեխնոլոգ

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Արմեն Բադալյանի խոսքով` Հայաստանում ամբողջ կառավարման համակարգը գնում է դեպի ավտորիտար կառավարման, հետևաբար, իշխող ուժի կուսակցությունում չի կարող լինել ժողովրդավարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցկացրած «փրայմերիզը» իրական մրցակցային գործընթաց չի եղել և, ըստ էության, ծառայել է միայն մեկ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով Նիկոլ Փաշինյանը ստացել է 898 ձայն, իսկ մյուս երկուսը՝ Արարատ Միրզոյանը (12 ձայն) և Սուրեն Պապիկյանը (8 ձայն) միասին ստացել են ընդամենը 20 ձայն։ Մյուս թեկնածուների ստացած ձայների քանակը չի գերազանցել 3-ը։
Բադալյանի խոսքով՝ ՔՊ–ի ձևաչափը որևէ առնչություն չունի դասական «փրայմերիզների» հետ, որոնք ենթադրում են իրական մրցակցություն և գաղափարական պայքար։
«Հակառակ դեպքում կտեսնեիք Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի կամ այլ գործիչների բանավեճ, հարցեր կտային միմյանց։ Միմյանց վատ վիճակի մեջ կդնեին կողմնակիցները, լրագրողները հարցեր կտային, արդյունքում` կքննադատեին իրար»,– ասաց նա։
Բադալյանը բացատրեց, որ նման արդյունքը պայմանավորված է կուսակցության կառուցվածքով՝ ՔՊ-ն դասական լիդերային կուսակցություն է, որտեղ որոշումները կենտրոնացած են մեկ անձի շուրջ։ Նրա գնահատմամբ՝ այսպիսի համակարգերում ներքին մրցակցությունը ոչ միայն խրախուսելի չէ, այլև վտանգավոր է ղեկավարի համար, քանի որ կարող է առաջացնել այլընտրանքային կենտրոններ։
«Նման կուսակցություններում լիդերն է որոշում` ով կլինի 2-րդ, 3-րդ, 4-րդ անդամը, ու նրանք չեն կարող լիդերին մոտ ձայն ունենալ։ Կարող է մի 100 ձայն հավաքեին մյուսները, բայց այդ դեպքում անմիջապես լիդերի` Փաշինյանի կողմից նրանք պոտենցիալ մրցակից կդիտարկվեին, և լիդերը կարող էր չեզոքացնել նրանց ու տարբեր պատճառներով դուրս մղվեր ղեկավար կառույցներից»,– ավելացրեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը ընդգծեց, որ նման կուսակցություններում պաշտոնների բաշխումը որոշվում է ոչ թե ընտրությամբ, այլ ղեկավարի սուբյեկտիվ որոշմամբ։ Խոսելով կուսակցության առաջին տասնյակի մասին` Բադալյանն ընդգծեց, որ այստեղ էլ որևէ մրցակցային մեխանիզմ չի գործել, և թեկնածուների դիրքերը պայմանավորված են եղել նրանց` Նիկոլ Փաշինյանի հավատարմությամբ։
«Ձևավորվել է ըստ վարչապետի քմահաճույքի, ինքն այդպես է ցանկացել։ Ավտորիտար համակարգում մրցակցություն չի լինում։ Կուսակցության ներսում տեղի ունեցածը չի կարելի դիտարկել երկրի ընդհանուր քաղաքական միջավայրից կտրված, այսինքն, եթե երկրում ձևավորվում է կենտրոնացված կառավարման համակարգ, ապա նույն տրամաբանությունը գործում է նաև կուսակցությունների ներսում։ Հայաստանում ամբողջ կառավարման համակարգը գնում է դեպի ավտորիտար կառավարման, հետևաբար, իշխող ուժի կուսակցությունում չի կարող լինել ժողովրդավարություն»,– ընդգծեց նա։
Բադալյանը նաև կասկածի տակ դրեց խորհրդարանական ընտրությունների մրցակցային բնույթը՝ նշելով, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները հաճախ պայմանավորված են այլ գործոններով։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում գրեթե բոլոր ընտրություններում հաղթել է գործող իշխանությունը՝ անկախ քաղաքական ուժերի իրական մրցունակությունից։
«Քաղաքական ուժերի իրական մրցակցությունն ու պաշտոնական տվյալներով հաղթելն իրար հետ բացարձակ կապ չունեն։ 1995 թվականի Ազգային ժողովի առաջին ընտրությունը և դրանից հետո տեղի ունեցած 99, 2003, 2007, 2012, 2017, 2018 և 2021 թ․-ին, այսինքն` 30 տարվա ընթացքում տեղի ունեցած 8 ընտրության արդյունքում միշտ էլ պաշտոնական տվյալներով հաղթել է իշխող քաղաքական ուժը` անկախ նրանից այդ ուժը մրցունակ է, թե ոչ»,– շարունակեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով` այս պայմաններում ՔՊ-ի ներսում տեղի ունեցած գործընթացը չի կարող դիտարկվել որպես իրական քաղաքական մրցակցության արտահայտություն, այլ ընդամենը կազմակերպչական քայլ է՝ գործող ղեկավարության դիրքերը պահպանելու համար։
Ազգային ժողովի ընտրությունները կփոխեն Հարավային Կովկասի քաղաքական լանդշաֆտը. Սողոմոնյան