ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ութ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխվել, հայտնում է Ռուսական մարդասիրական առաքելությունը։
Բռնի տեղահանվածներին աջակցության ծրագիրն իրականացնում է «Եվրասիա» ընկերությունը «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի օժանդակությամբ։
Անցյալ հանգստյան օրերին կարիքավորներին ևս 513 ունիվերսալ փաթեթներ են փոխանցվել, այդ թվում՝ սնունդ և հիգիենայի պարագաներ։
«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մեծածավալ մարդասիրական նախագիծը մոտենում է ավարտին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է շարունակել համագործակցությունը այս նախաձեռնության շրջանակներում։
Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումների։
Նշված ժամանակահատվածում օգնություն է տրամադրվել գրեթե 7000 ընտանիքի խոշոր քաղաքների մեծ մասում, ինչպես նաև հանրապետության հեռավոր և դժվարամատչելի համայնքներում և գյուղերում։