ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ դուրս չի գա Բելառուսի դեմ ընկերական խաղում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է հանդիպման վերջնական հայտացուցակը, որում «Կրասնոդարի» կիսապաշտպանը չի ընդգրկվել:
Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասնակցությունը Բելառուսի դեմ խաղին հարցականի տակ է: Իսկ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել է, որ Սպերցյանը թեթև վնասվածք է ստացել:
Վերջնական հայտացուցակում հայտնվել են 23 ֆուտբոլիստներ։ Կիսապաշտպանության գծում, որտեղ խաղում է Էդուարդ Սպերցյանը, խաղադաշտ կարող են դուրս գալ հավաքականի երեք նորեկներ՝ Նարեկ Հովհաննիսյանը, Կառլեն Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը: Նույն գծում հայտավորված են ավելի փորձառու Կարեն Նալբանդյանը, Արթուր Սերոբյանը, Վահան Բիչախչյանը, Գոռ Մանվելյանը:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ մարտի 29-ին Երևանում: