ԵՐԵՎԱՆ, 29 մարտի, Sputnik- Խաչիկ Չախոյան․ Հայաստանի հավաքականը ընկերական խաղում, սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին։
Արդեն խաղից առաջ պարզ էր, որ մեր հավաքականին այս խաղում հեշտ չի լինելու։ Էդուարդ Սպերցյանի և Նարեկ Գրիգորյանի բացակայության պայմաններում իհարկե մեր թիմում նորեկների թիվը ստիպված շատանալու էր։ Մեկնարկային կազմում իրենց նորամուտը նշեցին Խուլիո Բուենոն և Նարեկ Հովհաննիսյանը, իսկ մեր թիմի հայտացուցակում ևս երեք նորեկներ կային։
Ի տարբերություն Բելառուսի հավաքականի, որը մի քանի օր առաջ ընկերական խաղ էր անցկացրել Կիպրոսի ընտրանու հետ ու հաղթել, մեր հավաքականը այս տարվա ընթացքում առաջին հանդիպումն էր անցկացնում ու նման կազմով, որը ինչ-որ տեղ փորձարարական էր։ Ու հանդիպման 8–րդ րոպեին անկյունայինից կատարված փոխանցումից հետո հյուրերը առաջ անցան հաշվի մեջ՝ մոտ տարածությունից գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։ Բաց թողած գոլից հետո մեր թիմը վտանգավոր հաջորդ պահը ունեցավ խաղի 30–րդ րոպեին, բայց Վահան Բիչախչյանի հարվածը հետ մղեց բելառուսների դարպասապահը։
Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, ու դարպասապահ Պավել Պավլյուչենկոն երկու անգամ փրկեց իր թիմին Վահան Բիչախչյանի հարվածներից հետո։ Մերոնք պարտվում էին, առջևում երկրորդ խաղակեսն էր, որի մեկնարկից առաջ թիմերի կազմերում մի քանի փոփոխություններ տեղի ունեցան։
Երկրորդ խաղակեսում մեր հավաքականը զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, շատ վտանգավոր հարվածներ կատարեցին Ֆինն Գերագուսյանը, Գոռ Մանվելյանը, Արթուր Սերոբյանը։ Բայց հյուրերի դարպասը մնում էր անառիկ, իսկ հյուրերը, կարելի է ասել առանց վտանգավոր պահերի, կարողացան երկրորդ գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը։ Շատ ցավալի էր պարտվել մի խաղում, որի ընթացքում մեր թիմը արդյունքի հասնելու բազմաթիվ հնարավորություններ ուներ։ Ինտրիգը խաղում վերադարձավ, երբ հիմնական ժամանակից 5 րոպե առաջ 11 մետրանոցի իրավունք ստացանք։ Վահան Բիչախչյանը վերջապես այս խաղում կարողացավ խոցել Պավլյուչենկոյին։ Բայց ավելին անել մեր թիմին չհաջողվեց։
Ընկերական հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը անցկացնելու է հունիսին։ Այդ ամսի 6-ին մերոնք կընդունեն Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականներին։