Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. մանրամասներ

Վիգեն Էուլջեքչյանին նախատեսվում է հիվանդանոց տեղափոխել անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանի (ունի Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն) առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, մարտի 30-ին նրան սրտի կատետերիզացիա կանեն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Նրա խոսքով՝ Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
«Միջամտությունից հետո նախատեսվում է նրան հիվանդանոց տեղափոխել՝ ոսկրային խնդիրները բուժելու համար։ Նա դժվարությամբ է տեղաշարժվում, քայլում է հենակների օգնությամբ։ Կալցիումի կուտակումները սաստիկ ցավեր են պատճառում»,-ասել է Լինդան։
Երբ նրան նոր էին ազատել գերությունից, նկատվում էր միայն զարկերակային ճնշման բարձրացում և ընդհանուր վիճակն այդքան ծանր չէր թվում։ Սակայն վերջին շրջանում նրա վիճակը կտրուկ վատացել է։
Ինչպես պարզաբանել են բժիշկները, ի սկզբանե թաքնված ախտանիշները կարող են ի հայտ գալ ուժեղ սթրեսից հետո։
Պատասխանելով գերության մեջ անցկացրած օրերի մասին հարցին՝ Լինդան նշեց, որ առանց ցավի դա անհնար է նկարագրել։
«Այն, ինչի միջով նա անցել է, ցանկացած մարդու կարող է դեպրեսիայի մեջ գցել՝ ֆիզիկական, էմոցիոնալ և հոգեբանական խոշտանգումներ... Սիրտ կոտրող բան է։ Չնայած այս ամենին՝ նա պինդ է մնում, ժպտում է, փորձում է ուժեղ լինել, հենարան լինել մեզ համար»,-ասաց Լինդան։
Նա հավելեց, որ ընտանիքը նույնպես փորձում է սատարել Վիգենին՝ թաքցնելով սեփական ցավը։ Մոտ ժամանակներս Վիգենին կայցելի նրա դուստրը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանին է փոխանցել չորս հայ գերիների, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքչյանին։ Վիգենը լիբանանահայ է, նա գերեվարվել էր Շուշիում 2020 թվականի նոյեմբերին և Բաքվում դատապարտվել 20 տարվա ազատազրկման։