«Զվարթնոցից» բերման են ենթարկվել ու ձերբակալվել 113 մլն ռուբլի տեղափոխող քաղաքացիները

Sputnik
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ու ձերբակալել են մի խումբ քաղաքացիների, որոնք ընդհանուր 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլի էին բերում իրենց հետ, հայտնում են ՊԵԿ-ից։
Ստացվել են նաև տեղեկություններ այն մասին, որ մի շարք քաղաքացիներ, ժամանելով Հայաստանի Հանրապետություն, իրենց հետ պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 մլն գումարի չափով կանխիկ ՌԴ ռուբլի ու դրանք առձեռն տրամադրել են Երևանում գործող արտարժույթի որոշ փոխանակման կետերի:
Առանց համապատասխան ձևակերպումների ու փաստաթղթավորման կանխիկ ՌԴ ռուբլիները փոխանակվել են ԱՄՆ դոլարի, որոնք էլ հետագայում արտահանվել են։ Տեղեկությունները փոխանցվել են ՀՀ կենտրոնական բանկ՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:
ՊԵԿ-ից հայտնում են նաև՝ առկա են ռիսկեր, որ նշված կանխիկ գումարները ստվերային եղանակով ներդրվում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ նպատակ հետապնդելով թաքցնելու հարկվող իրական օբյեկտները։
ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցներ տեղափոխելուց և ֆինանսական գործարքներն իրականացնեն բանկային փոխանցումների միջոցով։