Հայաստանում մեկնաբանել են TRIPP նախագծի իրականացումը

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ներկայում ունի այլ առաջնահերթություններ, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով աշխատանքներ չեն տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. TRIPP նախագծի վերաբերյալ քննարկումները ամերիկյան կողմի հետ շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, որ ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներգրավված երկրների համար համապատասխան օրակարգն է դառնում առաջնահերթություն, բայց դա չի բացառում այլ ոլորտներում աշխատանքների շարունակականությունը։
«Մի քանի օր առաջ կրկին հետաքրքրվեցի (նախագծի ընթացքի մասին)։ Հայկական կողմն աշխատում է, ամերիկյան կողմը նույնպես։ Դժվարանում եմ որևէ բան ասել ժամկետների մասին», - հայտարարել է Հարությունյանը։
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity՝ «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար») նախագծով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում:
Երթուղին կգործի բացառապես Հայաստանի իրավասության ներքո և չի հանգեցնի երկրի ինքնիշխանության որևէ սահմանափակման: TRIPP-ը նշվում է որպես զուտ տնտեսական բնույթի ծրագիր:
Նախագիծն իր մեջ ներառում է երկաթուղու, ավտոմայրուղու, նավթատարի, գազատարի և օպտիկամանրաթելային գծերի կառուցում:
ԱՄՆ–ի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթություն չէ. Փաշինյան
Աշխատանքները կիրականացվեն ամերիկյան ընկերության կողմից՝ համաձայն Հայաստանի օրենսդրության, առանց որևէ ռազմական բաղադրիչի: Ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները կստանա նախագիծը մինչև 99 տարի ժամկետով իրականացնելու բացառիկ իրավունքներ՝ առանձին հատվածները միջազգային կոնսորցիումին ենթավարձակալության հանձնելու հնարավորությամբ, որը կստանձնի ենթակառուցվածքների զարգացումը և անվտանգ շահագործումը: