ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով` սա ակնառու օրինակ է, թե ինչպես է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում արտաքին առևտրի խթանմանը։
Խոսելով ներքին շուկաների պաշտպանության մասին՝ Գրիգորյանը շեշտել է, որ դրանց համակարգված մոնիտորինգը թույլ է տալիս ոչ միայն արագ բացահայտել ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև արդյունավետ միջոցառումներ մշակել ներքին շուկան պաշտպանելու և հայրենական արտադրողներին աջակցելու համար։
Նա նաև մատնանշել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցության կարևորությունը, այդ թվում՝ գիտելիքահեն ապրանքների մաքսային արժեքը որոշելու և համապատասխան մաքսատուրքերը գանձելու հարցում, ինչը անմիջականորեն ազդում է միության անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։
Միևնույն ժամանակ, փոխվարչապետի խոսքով, մաքսային ռիսկերի կառավարման ազգային համակարգերի միասնականացումը պետք է հաշվի առնի ԵԱՏՄ երկրների ինքնիշխան շահերը։
Գրիգորյանն ընդգծել է էլեկտրոնային առևտրի արագ զարգացման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը։ Դա, նրա կարծիքով, կնպաստի շուկաների թափանցիկության բարձրացմանը և բարեխիղճ բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծմանը։
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։