Փաշինյանը պնդում է՝ 2023թ․ Արցախում չեն կռվել, իսկ ղեկավարները ճողոպրել են

Վարչապետը պնդում է՝ վերադարձի մասին զրույցների նպատակը Հայաստանի և Արցախի ժողովրդին գաղթականի կարգավիճակով պահելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ 2023 թվականին Արցախում չեն կռվել։
«2023թ․ իրադարձություններից հետո ՀՀ անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները։ Եվ ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Մեր հետախուզության ունեցած տվյալներով՝ 2023թ․ Արցախում առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 կամ 90 տոկոս, մնացել է ձեռք չտված»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Փաշինյանի խոսքով՝ որոշ շրջանակներ այն, ինչ արեցին Արցախում, ուզում էին անել Հայաստանում։
Ըստ նրա՝ 2023թ․ ինքն Արցախի ներկայացուցիչներին ասել է՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու։
Ինչ վերաբերում է այսօր վերադարձի մասին զրույցներին, Փաշինյանը նշեց՝ այդ ամենը մի բանի մասին է՝ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով` հույս տալով, թե մի օր միջազգային հանրությունը ցեղասպանությունը կճանաչի և այլն։
«Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Ընդհանրապես էդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել, երբ որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Էլի եմ ասում՝ ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ»,– ասաց նա։
Արցախում կռվելու մասին զրույցները Փաշինյանը միֆեր անվանեց՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում գաղտնազերծել տվյալները։
«Ես համոզված եմ, որ այս խմորը ջուր կտանի, կթողնենք, որ լավ տանի, և ԼՂ բանակցային փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ այդ ամենը հրապարակել։ Սուտ է, չի եղել նման բան։ Փախել են, ճողոպրել են»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև պնդեց, որ Արցախին առնչվող բոլոր այն որոշումները, որոնք նախկինում կայացրել է, խորհրդակցվել են ԼՂ ներկայացուցիչների հետ։

«Ինչ վերաբերում է վերջին որոշմանը, հայտնի անձը (նկատի ունի Սամվել Ղահրամանյանին. խմբ.) այն կայացրել է ինքն իրենով, ես չգիտեմ` ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել` ՀՀ–ն ինչ կապ, ինչ դեր ունի այդ ամեն ինչի հետ, նա ասել է, որ ոչ մի կապ, ոչ մի դեր, ես էլ ասել եմ`այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք, կայացրեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Պրահայում ինքը որոշել է միայն ՀՀ հարցը։

Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։