Փաշինյանը պատրաստ է 2 հանրաքվե անել, որպեսզի ՀՀ Սահմանադրությունը փոխվի

Կառավարության ղեկավարը վստահ է, որ Անկախության հռչակագրի պատկերացրած ռազմավարությունն իրականացնելը նշանակում է ՀՀ-ն ոչնչացնելու օրակարգ ձևակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, ապա ՀՀ իշխանությունները կրկին հանրաքվե կանցկացնեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին հերթին մեզ է պետք, որ ունենաք նոր Սահմանադրություն, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին։ Որովհետև դա նշանակում է էս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Եթե մենք մեր սոցիալ-հոգեբանական մտածողության մեջ դնելու ենք էն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը և գնալու ենք ու իրականացնելու ենք մեր պատկերացրած, հռչակագրի պատկերացրած Արևմտյան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և այլ ռազմավարությունները, դա նշանակում է օրակարգ ձևակերպել Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին»,- ասաց Փաշինյանը։
Ուստի եթե Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, ապա, ըստ Փաշինյանի, իրենք գնալու են, հանդիպելու են ժողովրդի հետ, խոսելու են, համոզելու են ու նորից են հանրաքվե անելու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մինչ այդ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, բայց դեռ չեն ամբողջացրել։ Նա նշել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրի մասին հղումը ներածության մեջ էր։