ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Նախկին բուժքույր Սառա Մալալին պաշտոնապես ստանձնել է Քենթերբերիի արքեպիսկոպոսի պաշտոնը՝ դառնալով թեմի 1400-ամյա պատմության մեջ առաջին կին առաջնորդը: «Associated Press»–ը հայտնում է, որ գահակալության արարողությունը տեղի է ունեցել երեկ Քենթերբերիի տաճարում:
Մալալին հոգևոր աստիճան է ստացել 40 տարեկանում։ Չնայած նրա նշանակումը հաստատվել էր հունվարին, հենց Քենթերբերիում անցկացված արարողությունն էր, որ խորհրդանշեց նրա՝ որպես Անգլիայի եկեղեցու ղեկավարի և ավելի քան 100 միլիոն հավատացյալների միավորող անգլիկան համայնքի հոգևոր առաջնորդի հանրային ծառայությունը:
Բազմադարյա ավանդույթի համաձայն՝ Մալալին երեք անգամ թակել է տաճարի դռները՝ պահանջելով ներս թողնել իրեն։
Արարողությունը տեղի է ունեցել Ավետման տոնին, ինչը, ըստ եկեղեցու ներկայացուցիչների, խորհրդանշական ժեստ է ի պատիվ պատմական նշանակման: Իր առաջին քարոզում Մալալին ընդգծել է, որ եկեղեցին ընթանում է Աստծո հետ՝ վստահ լինելով, որ Աստված ընթանում է եկեղեցու հետ։
Արարողությանը ներկա է եղել ավելի քան 2 հազար մարդ, այդ թվում՝ Ուելսի արքայազնը և նրա կինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ինչպես նաև անգլիկան համայնքի կազմում գտնվող 42 եկեղեցիների ներկայացուցիչներ: Ներկա են եղել նաև Հռոմի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների պատվիրակությունները:
Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին պաշտոնաթող եղավ 2024 թվականին, երբ լուր տարածվեց, որ հոգևորականները բռնություն են կիրառել անչափահասների նկատմամբ։