ՄԻՊ գրասենյակը մշտապես տվյալներ է հավաքագրում Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ

Անահիտ Մանասյանը վստահեցրեց, որ ակտիվ համագործակցություն է ընթանում միջազգային գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Բաքվում գտնվող հայ գերիների վիճակի վերաբերյալ մշտապես տեղեկություններ է հավաքագրում, ինչպես նաև լսում նրանց ընտանիքների և իրավապաշտպանների մտահոգությունները։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո Sputnik Արմենիային հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Միևնույն ժամանակ Մանասյանն ընդգծեց, որ իրենց խնդիրը ոչ միայն ազատությունից զրկված անձանց իրավունքները պաշտպանելն է, այլև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը։
Բացի այդ, ըստ նրա, ակտիվ համագործակցություն է ընթանում նաև միջազգային գործընկերների հետ։ Հարցին, թե արդյոք նա կապ հաստատել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, որին վերջերս հրապարակավ դիմել էր Ռուբեն Վարդանյանը, Մանասյանը պատասխանեց՝ այդ հարցում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչ-Էգգերին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ իրավական կարգավիճակ են ունեցել Վարդանյանն ու մյուս հայ գերիները, երբ նրանց վերջին անգամ այցելել են ԿԽՄԿ աշխատակիցները։
Հիշեցնենք` փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Մինչ այդ` փետրվարի 5–ին, հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։