ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը (ՀԱՊԿ ԽՎ) հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ ԽՎ–ի կայքից։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում լուրջ մտահոգություն է հայտնվում Իրանի տարածքին ռազմական հարվածների և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Խորհրդարանականները նշել են, որ իրենք հանդես են գալիս առ այն, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում։
Նրանք անընդունելի են համարում ուժի կիրառումը և կոչ են անում առկա հակասությունները կարգավորել բացառապես երկխոսության վրա հիմնված խաղաղ ճանապարհով, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան։
Հայտարարության մեջ խորհրդարանականները կոչ են անում ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խաթարմանը հակազդելու համար։
«Ընդգծում ենք Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը։ Հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Իրանի կառավարությանը և ժողովրդին։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: