Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` զգալի տեղումներ են սպասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Մարտի 26-28-ին Հայաստանի գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը` հավելելով, որ պատճառն առատ տեղումներ են։
«Ջրի ելքերի զգալի մեծացում է սպասվում Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի` հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ։
Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։