Ծափաթաղում 3 տարեկան Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման. ԶԼՄ

Դատավորը հիմնավորված է համարել տղամարդուն վերագրվող արարքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ամիսներ առաջ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հայրը` Արմեն Օվանեսովը, դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց։